Ճապոնիայի քաղաքացին երկրի կառավարության հոգածությանը հանձնված իր 13 երեխաներին վերադարձնելու պահանջով հայց է ներկայացրել Թաիլանդի դատարան: Բոլոր երեխաները ծնվել են փոխնակ մայրերից, հայտնում են ճապոնական լրատվամիջոցները:
Երիտասարդը միաժամանակ 19 երեխա է ունեցել, որոնց կրել են Թաիլանդից եւ Հնդկաստանից փոխնակ մայրերը: Նախքան այս քայլ իրական պատճառները պարզելը, 13 նորածիններին տեղափոխել են Բանգկոկի մանկատուն: Եւս 4 երեխաներին հայրը դուրս է բերել երկրից, երկուսը գտնվում են Կամբոջայի իր առանձնատանը:
Տղամարդը Թաիլանդի իշխանությունների տեսադաշտում է հայտնվել 2014թ. սեպտեմբերին, երբ Բանգկոկի բնակարաններից մեկում հայտնաբերվել էին 9 նորածիններ: Ոստիկանությունը կասկածել է երիտասարդի՝ «ջերմ ընտանեկան օջախ ունենալու» ազնիվ ցանկությունների վրա՝ չբացառելով հանցավոր պատճառները՝ Թաիլանդում երեխաների անունով անշարժ գույք ձեռքբերելուց մինչեւ «կենդանի ապրանքի» վաճառք, հաղորդում է Lenta.ru-ն:
Այդ նույն ամսին ճապոնացին լքել է երկիրը: Մեկ ամիս անց նա Բանգկոկի ոստիկանություն է ներկայացրել տեղեկանք, որը հաստատում է, որ տղամարդու նյութական վիճակը վերջինիս թույլ է տալիս պահել եւ դաստիարակել շատ երեխաների, սակայն ցուցմունք տալու նպատակով Թաիլանդ մեկնելու առաջարկից վերջինս հրաժարվել է:




























