Գյումրիում՝ Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց հավաքված ցուցարարները մերժել են մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի առաջարկը՝ պատվիրակություն կազմել եւ ներսում քննարկել հուզող խնդիրները:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե հավաքված հազարավոր մարդիկ պահանջում են պատասխան տալ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության գործը Հայաստանի իրավապահներին կողմից քննելու, հայկական կողմի իրավազորությանը հանձնելու հարցի առնչությամբ, իսկ ոստիկանները 4-5 շղթաներով փակել են դատախազության շենքի մուտքը:
«Եթե նրանք մեր նյարդերի հետ են խաղում, հույս ունենալով, որ կհոգնենք, ապա այդպես չի լինելու: Մենք այստեղ սպասելու ենք առանց հոգնելու»,- հայտարարել է Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների միության նախագահ Լեւոն Բարսեղյանը եւ հավելել. «Մենք կանգնելու ենք այնքան, մինչ իր կամքը կոտրվի ու իջնի ներքեւ: Մեր կամքը չի կոտրվելու»: «Հիմա, հիմա»,- ի պատասխան վանկարկել են ցուցարարները:
Այդ պահին շենքից դուրս է եկել գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Նախքան խոսափողը նրան փոխանցելը, Լեւոն Բարսեղյանը նորից կրկնել է, թե իրենց պահանջն է, որ այդ գործի դատավարությունը պետք է տեղի ունենա ՀՀ իրավազորության դատարանում, ոչ թե միայն ՀՀ տարածքում, եւ պատիժը պետք է կրի Հայաստանում:
Գեւորգ Կոստանյանը նշեց հետեւյալը. «Ես միշտ պատրաստ եմ խոսել, պարզապես հարգենք իրար ու լսենք իրար: Այն, որ ոճրագործություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ, դա փաստ է: Մենք անելու ենք ամեն ինչ, որ այդ հանցագործը ենթարկվի ամենախիստ պատասխանատվության, դա էլ է փաստ: Այն, որ ՀՀ տարածքում է ենթարկվելու պատասխանատվության, դա էլ է փաստ: Երկու գործ կա հարուցված մեկը մեր կողմից, մեկը՝ ռուսների կողմից: Այն, որ ամբողջությամբ գործի քննությունը պետք է քննվի մեզ մոտ, դա էլ արդարացի պահանջ է եւ այդ նպպատակով մեր քննիչները գտնվում են զորամասում, որպես մեղադրյալ են ներգրավել մեղադրյալին: Ես բոլոր ձեր ասածներին համաձայն եմ, հիմա տղերքը, քննիչները նստած աշխատում են այնտեղ: Համբերեք տեսնենք, բոլորս էլ նույն նպատակն ունենք»:
«Էս մեր երկիրն ա, եւ հանցագործը մեր երկրի դեմ է դուրս եկել: Հասկանում եմ, ես էլ երեխաներ ու ընտանիք ունեմ: Ես որպես նաեւ որպես հայ անելու եմ, որ երբեք նման բան չլինի, որ այդ սրիկան անպայման պատասխանատվության ենթարկվի: Տպավորություն է, որ մենք տարբեր բան ենք ուզում, բայց մենք նույն բանն ենք ուզում: Գնում է պրոցես, մեր հայ տղերքը, քննիչներն այնտեղ աշխատում են: Ուզում եք ես մինչեւ առավոտ այստեղ ձեզ հետ կանգնեմ, բայց թողեք աշխատեն տղերքը: Դուք բարձրացնում եք իրավազորության հարց: Դուք գիտեք, թե այդ անձը գտնվում է ռուսական ռազմաբազայում»,- բարձրախոսով ասել է Կոստանյանը:
Նրան ընդհատում էին, պահանջելով այդ անձին հանել ռուսական ռազմակայանից եւ տեղափոխել ՀՀ իրավապահներին վերահսկողության ներքո:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում:: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:




























