Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը մեր անվտանգության երաշխիքն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ Ռուսաստանի հետ դաշինքի ամրապնդումն անհրաժեշտություն էր, քանի որ  Թուրքիայի կողմից միջուկային զենքի ստեղծման ծրագրերի  եւ Ադրբեջանում ծայրահեղականների իշխանության գալու հավանականության դեպքում Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգությունը առաջնահերթ խնդիր է։

«Թուրքերը պլանավորում են մի քանի տարի հետո արդեն ունենալ միջուկային զենք. դա եւ հնարավոր գունավոր հեղափոխությունըԱդրբեջանում լուրջ մարտահրավերներ են։ Այդ առումով մեր դաշինքի ամրապնդումը Ռուսաստանի հետ՝ ԵՏՄ անդամակցությունը, ուղղակի անհրաժեշտություն էր։ Միշտ խոսվում է այլընտրանքների մասին, ցավոք, այլընտրանքներ ոչ մեկ մեզ չի առաջարկել, որպեսզի կոմպենսացնի այն հնարավորությունները, որ տալիս է Ռուսաստանի զենքի տրամադրումը, Գյումրու ռազմակայանը, որոնք մեր անվտանգության երաշխիքներն են»,- ասաց Գագիկ Հարությունյանը։

Բանախոսը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները կձեւավորվեին այլ, Հայաստանին ոչ ձեռնտու ձեւով, եթե մուտք չգործեինք Եվրասիական միություն, որը հայ-ադրբեջանական հարաբերություններում կբարձրացնի անվտանգության մակարդակը եւ Թուրքիայի սպառնալիքներին դիմակայելու երաշխիք կտա։

«Այն կարծիքը, թե կարելի էր մնալ հարաբերությունների նախկին ձեւաչափերի մեջ, ընդունելի չէր Ռուսաստանի համար, այսինքն՝ նրանք դրել էին այդ հարցն ավելի կոշտ, եւ եթե այդ միության մեջ չլինեինք, այդ գործընթացների մեջ չլինեինք, ապա մեզ հետ հարաբերությունները կարող էին կառուցվել այլ ոճով»,- ասաց փորձագետը։