Գյումրեցի 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը՝ կայուն ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը:
Նա նշեց, որ որեւէ առաջընթաց կամ հետընթաց չկա, այժմ իրենց ընթացիկ հետազոտություններ են իրականացնում: Փոքրիկը միացված է արհեստական շնչառության ապարատին, գտնվում է Մանկական վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ փոքրիկ Սերյոժայի վիրահատությունը տեւել է մոտ 20 րոպե, կատարել են գլխուղեղի փորոքների դրենավորում: Երեխային վիրահատել էր Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, անվանի նյարդավիրաբույժ Վիլյամ Խաչատրյանը: Նրանից բացի՝ Ռուսաստանից հրավիրվել են մի շարք այլ մասնագետներ: Ռուս եւ հայ մասնագետների մասնակցությամբ այսօր կհրավիրվի եւս մեկ կոնսիլիում` երեխայի բուժման հետագա ընթացքը եւ անհրաժեշտ միջոցառումները քննարկելու նպատակով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է: Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում։



























