Գյումրիում  հունվարի 15-ին տեղի ունեցած բռնությունների հետեւանքով երեկ՝ հունվարի 18-ին, Գյումրիի բժշկական կենտրոն է դիմել 5 ոստիկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Նա նշեց, որ ոստիկանների մոտ որեւէ լուրջ բան չի հայտնաբերվել, թեթեւ վնասվածքներ են ունեցել, ամբուլատոր բուժօգնություն են ստացել եւ հեռացել: Ոստիկանների մոտ առկա էին քերծվածքներ, սալջարդներ, լիարժեք հետազոտել են, ճանապարհել: Ոստիկանները հայտնել են, որ վնասվածքները ստացել են հունվարի 15-ի բախումների ժամանակ, սակայն այժմ են դիմում հիվանդանոց, քանի որ ժամանակ չեն ունեցել, աշխատում էին ու որեւէ լուրջ բան չկար: Ի դեպ, հիվանդանոց դիմած ոստիկանների մեջ առկա էին նաեւ բարձրաստիճան ծառայողներ:

Այսպիսով, Գյումրիում տեղի ունեցած բախումների հետեւանքով Գյումրիի հիվանդանոց է դիմել 33 հոգի, որոնցից 10-ը քաղաքացի, 23-ը՝ ոստիկան: Հիվանդանոցում այժմ գտնվում է մեկ ոստիկան, որն այսօր դուրս կգրվի: Մեկ ոստիկան էլ գտնվում է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, նրան գլխի շրջանում վիրահատության են ենթարկել եւ այժմ գտնվում է հետվիրահատական շրջանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: