Ֆրանսիական Charlie Hebdo-ի գլխավոր խմբագիր Ժերար Բյարը հայտարարել է, որ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակվել էին դավանանքի ազատությունը պաշտպանելու նպատակով, գրում է Le Parisien-ը:

«Ամեն անգամ, երբ մենք նկարում ենք Մուհամեդ մարգարեին, երբ մենք նկարում ենք Հիսուսին, մենք պաշտպանում ենք դավանանքի ազատությունը», — նշել է Ժերար Բյարը:

Գլխավոր խմբագիրը հավելել է, որ կրոնը տեղի չունի քաղաքական դիսկուրսում:

«Մենք պնդում ենք, որ Աստված չպետք է քաղաքական կամ հասարակական գործիչ լինի», — նշել է ամսագրի խմբագիրը, փոխանցում է Gazeta-ն:

«Charlie Hebdo-ն պաշտպանում է նաեւ խոսքի եւ դավանանքի, մեր սեփական ազատությունը, խղճի ազատությունը, ժողովրդավարությունը», — ընդգծել է ամսագրի խմբագիրը:

Հունվարի 7-ին Փարիզում Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա հարձակում էր կատարվել: Մի քանի օր անց Փարիզի արեւելքում իսլամիստ Ամեդի Կուլիբալին պատանդ էր վերցրել հրեական խանութի հաճախորդներին: Ահաբեկչությունների հետեւանքով զոհվել էր 17 մարդ: