Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին՝ «Նավակ Ճոճողին» ծեծի ենթարկելու դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ ոստիկանության կենտրոնականի բաժնում ահազանգը ստացվել է թիվ 1 համալսարանական կլինիկայից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 17-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երեւանի Ամիրյան եւ Կողբացի փողոցների խաչմերուկում՝ Չարենցի անվան դպրոցի մոտ ծեծի են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին: Նա Facebook սոցիալական ցանցում հայտնի է «Նավակ Ճոճողը» անունով:

Նրա վրա հարձակվել են 4 դիմակավորված անձինք եւ փորձել են նստեցնել մեքենան: Վիլենը չի ենթարկվել նրանց, որից հետո նրանք բեյսբոլի մահակներով ծեծի են ենթարկել ակտիվիստին: Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ նախնական հետազոտության արդյունքների համաձայն, Վիլեն Գաբրիելյանը գլխուղեղի ցնցում է ստացել: Այլ մանրամասներ հայտնի կդառնան ամբողջական հետազոտությունների անցկացումից հետո:

Նախնական ստուգման արդյունքում պարզվել է, որ Վիլեն Գաբրիելյանը կոտրվածքներ եւ ներքին օրգանների վնասվածքներ չունի, հարվածներից դեմքին այտուցներ եւ կապտուկներ էին առաջացել, բժիշկները նաեւ կարեր են դրել գլխին։