Ռուս սահմանապահ զորքերը որեւէ իրավունք չունեին Գյումրիում հունվարի 12-ին ընտանիքի վեց անդամների դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հանձնել ռուսական 102-րդ ռազմաբազային: Այս մասին այսօր` հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունեցող իրավահարաբերությունները կարգավորվում են ոչ միայն ռազմաբազայի առկայության մասին համաձայնագրով, այլեւ 1992թ.-ին կնքված պայմանագրով, որը վերաբերում է սահմանապահ զորքերին: ՌԴ-ն խախտել է հենց այս միջազգային պայմանագրի դրույթները: Ըստ այդ պայմանագրի` ռուս սահմանապահ զորքերի իրավասության ներքո է գտնվում սահմանը խախտող անձին վերցնել արգելանքի տակ, կատարել հետաքննական գործողություն, բայց դրանից հետո որեւէ գործողություն կատարելու իրավունք չունեն: Ռուսական կողմն առեւանգել է Պերմյակովին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ խնդիրը ոչ միայն իրավական է, այլեւ բարոյական: Ընդդիմադիր պատգամավորը զարմանում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է դեպքից միայն մեկ շաբաթ անց:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:




























