Գլխավոր դատախազը դեռ հունվարի 15-ին ռուսական կողմին ուղարկել է գրություն՝ քննչական գործողություն անցկացնելու թույլտվություն ստանալու համար: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ գրության պատասխանը դեռ չի եկել եւ հայտնի չէ՝ երբ կգա, ընթացակարգով որեւէ ժամկետ սահմանված չէ: Հայկական կողմն ամեն ինչ անում է, որ արագ լինի գործընթացը, շուտ հնարավորություն ստանան հարցաքննելու Գյումրիում ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին, քանի որ այդպես կկանխեն նաեւ բողոքի ակցիաները, կթուլացնեն լարվածությունը:
Ինչ վերաբերում է գործը հայկական կողմին հանձնելու վերաբերյալ նամակին, ապա այն դեռ չի ուղարկվել եւ այդքան շուտ դա չի լինի: Ենթադրվում է, որ նախ պետք է ստանալ առաջին գրության պատասխանը, իրականացնել քննչական գործողություններ Պերմյակովի հետ եւ հիմքեր ձեռք բերել, որոնք հնարավորություն կտան դիմել գործը հանձնելու վերաբերյալ: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ այս հարցը ոչ միայն իրավական ոլորտում է եւ դրա ընթացակարգի շրջանում, այլեւ քաղաքական հարթությունում եւ համապատասխան որոշման արդյունքում ընթացակարգերը կարելի է շրջանցել եւ արագորեն կազմակերպել ամեն ինչ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:




























