Հայաստանի կառավարությունում հուլիսի 13-ին տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Խորհուրդը քննարկել եւ հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի Ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում «Երրորդ կարգի ջրանցքների վերականգնում (Փաթեթ II)»-ի առաջին եւ երրորդ լոտերի պայմանագրերի նախագծերը։
Նիստում հաստատվել են «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ներկայացվելիք Արտահերթ Հատկացման հայտը եւ դրան կից փաստաթղթերը, որոնց վերաբերյալ զեկուցել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը։ Համաձայն Արտահերթ Հատկացման հայտի` 2010 թ. հուլիս-սեպտեմբեր եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ լրացուցիչ ֆինանսավորում 206 հազար 767 ԱՄՆ դոլարի չափով։ Այսպիսով, ընթացիկ եռամսյակի համար հատկացումների 16-րդ հայտով հաստատված եւ պահանջվող լրացուցիչ ֆինանսավորման ընդհանուր գումարը կկազմի 25 մլն 253 հազար712 ԱՄՆ դոլար։ Լրացուցիչ ֆինանսավորումն անհրաժեշտ է ՀՄՀ-Հայաստանի «Ջրից դեպի շուկա» ծրագրի վարկային բաղադրիչի գործունեության շարունակական ֆինանսավորումն ապահովելու համար։ Վարկային բաղադրիչի ընդհանուր գումարը կազմում է 8.5 մլն ԱՄՆ դոլար, որի տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2010 թ. սեպտեմբերի վերջը։
Ի գիտություն է ընդունվել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շրջանակներում մշակվող ոռոգման ռազմավարության ընթացքի եւ մոնիտորինգի ու գնահատման փոփոխված պլանի վերաբերյալ տեղեկատվությունը։




























