Քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով մեղադրյալ Տիգրան Ասատրյանի մասով գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վարդուհի Էլբակյանը:
Նա նշեց, որ ազատ արձակվելուց հետո նրա հետ առնչվող որեւէ գործողություն չի արվել, բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, դրանց եզրակացություններին են ծանոթացել, իսկ տարեսկզբից դեռ քննչական մարմինը իրենց չի կանչել: Վարդուհի Էլբակյանն ասաց, որ Իսրայել Սարգսյանի մասով գործի նախաքննության ավարտ են հայտնել, առայժմ հայտնի չէ՝գործը դատարան ուղարկվել է, թե ոչ: Ի դեպ, տեւական ժամանակ է՝ մեզ չի հաջողվում կապ հաստատել Իսրայել Սարգսյանի փաստաբան Արսեն Սարդարյանի հետ, նա հեռախոսազանգերին չի պատասխանում, ըստ երեւույթին՝ բացակայում է երկրից:
Նշենք, որ Տիգրան Ասատրյանը սպանվածի՝ Արթուր Սաֆարյանի կնքահայրն է: Ի դեպ, անձի առեւանգման մեղադրանքով կալանավորված Թեւոսիկը ազատ է արձակվել դեկտեմբերի 20-ին՝ նախնական կալանքի մեկ տարին լրանալու պատճառով:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի եղբորը»: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանին: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է եւ դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Փետրվարի 18-ից փրկարարները ոստիկանների հետ որոնում են Մովսեսի դին, սակայն առայժմ չի հաջողվել գտնել:




























