Թուրքիայի քրդական DIHA լրատվական գործակալությունը ընդարձակ հոդված է ներկայացրել Թուրքիայի տարածքում բարձիթողի վիճակում հայտնված եւ գանձագողերի թիրախում գտնվող հայկական եկեղեցիների թալանին ու քանդմանը։

DIHA-ն առաջինը ներկայացրել է Էրզրում (Կարին) նահանգի Ազիզիեի շրջանի Գեզքյոյ կոչվող գյուղի հայկական Սուրբ Մինաս եկեղեցուն։  2012 թվականին գյուղում որոշակի շինաշխատանքների արդյունքում եկեղեցու շուրջը բացվել է, որից հետո այն սկսել է ավելի արագ ավերվել գանձագողերի հարձակումների հետեւանքով։ Պարզվել է, որ մոտավոր 17-րդ դարի եկեղեցին երկար ժամանակ որպես ախոռ է օգտագործվել, իսկ պատերին հայերի հասցեին գրված հայհոյանքներ են, որոնք ցույց են տալիս ատելությունն ու թշնամանքը հայերի հանդեպ։

Էրզրումի տուրիզմի եւ մշակույթի վարչության պատասխանատուներից մեկը, ով չի ցանկացել անունը հայտնել, շեշտել է, թե Սուրբ Մինաս եկեղեցին չի վերանորոգվում եւ խնամվում, քանի որ այն մասնավոր սեփականություն է՝ պնդելով, թե իրենք եկեղեցիների դեմ ոչինչ չունեն։

Թեեւ թուրք պաշտոնյան նշել էր, թե մասնավոր սեփականություն է, որի համար էլ չեն վերանորոգում, DIHA-ն ներկայացրել է Էրզրումի տարածքում գտնվող եկեղեցիներ, որոնք մասնավոր չեն, սակայն չեն էլ վերանորոգվում եւ թողնված են բախտի քմահաճույքին։

Աբուռնասի եկեղեցի-գտնվում է Թորթումի Շենյուրթին կից Աբուռնաս գյուղում։

Բաղբաշի եկեղեցի-գտնվում է Թորթումի Բաղբաշ գյուղում։

Դեմիրջիների (Դարբինների) եկեղեցի-գտնվում է Էրզրում քաղաքի կենտրոնում, Դարբինների շուկայի դիմաց։ Այս պահին որպես մզկիթ է գործում։

Խնուսի եկեղեցի-գտնվում է Խնուսի շրջանում, Եկեղեցու ձոր կոչվող վայրում։ Եկեղեցին այսօր լրիվ քանդված վիճակում է։

Քալե եկեղեցի (Բերդի եկեղեցի)-գտնվում է Իսպիրի կենտրոնում, Իսպիրի բերդի վրա։ Կարծիք կա, որ եկեղեցին կառուցվել է 1223-1225 թվականներին։ Մեծամասմաբ փլված վիճակում է։

Քամհիսի եկեղեցի-գտնվում է Շենքայայի շրջանի Յանըք քավալ (Քամհիս) գյուղում։ Ավերաված վիճակում է։

Քեվանքի եկեղեցի-գտնվում է Բասենի Քեվանք (Թաշ քայնաք) գյուղում։ Մեծամասամբ ավերված է։

Մեքսորի եկեղեցի-գտնվում է Թորթումի Շենյուրթի Մեքսոր (Ջիհանլը) գյուղում։  Մասնակի ավերված վիճակում է։

Փանջիրոթի եկեղեցի-Շենքայային կից Ինջե չայ (Փանջուրոթ) գյուղում։  Ամբողջովին ավերված է։

Փեռնակի եկեղեցի-գտնվում է Օլթուից 28 կմ հյուսիս-արեւելք՝ Իրի օղլու գյուղում, որի հին անուն էր Փեռնաք։ Մեծամասամբ ավերված վիճակում է։