Վերջերս թուրքական մամուլը հաղորդեց, որ ամերիկահայ Զվարթ Սուջյանը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով վերադարձնել իր մոր՝ Բասմաջյանների ընտանիքին պատկանող հողատարածքը, որի վրա գտնվում է Դիարբեքիրի օդանավակայանը: Այս մասին իր հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Հոդվածում նա գրում է.

«Հայերը  հազարավոր միջոցառումներ են կազմակերպում ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման համար:

Այդ իրադարձությունների նպատակն է աշխարհին հիշեցնել Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թթ. իրականացված զանգվածային վայրագությունների մասին, այն ակնկալիքով, որ միջազգային հանրությունը կստիպի Թուրքիայի կառավարությանը առերեսվելու իր նողկալի անցյալի հետ եւ վերականգնելու ցեղասպանության ժառանգների իրավունքները:

Սակայն գոյություն ունի ավելի արագ եւ արդյունավետ ճանապարհ այդ վեհ նպատակին հասնելու համար՝ դատական հայցը: Վերջին տարիներին մի քանի ամերիկահայ փաստաբաններ որոշակի հաջողությունների են հասել՝ համատեղ հայցեր ներկայացնելով ընդդեմ ապահովագրական ընկերությունների ԱՄՆ դաշնային դատարաններում: Այլ տարբեր հայցեր դեռեւս ընթացքի մեջ են:

Ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին, թե Հայաստանի կառավարությունը, թե Սփյուռքի որոշ խմբավորումներ քննարկում են միջազգային դատարաններում Թուրքիայի դեմ դատական հայցեր ներկայացնելու հնարավորությունը: Սակայն նման լուրջ դատերը պետք է իրականացվեն միայն միջազգային իրավունքի մասնագետների, եւ ոչ թե հասարակ հայ անհատների կամ բարի կամեցողություն դրսեւորող համայնքային խմբերի կողմից: Սխալ ձեւակերպման դեպքում այդ հայցերը կարող են երկարատեւ կործանարար ազդեցություն ունենալ Թուրքիայից Հայաստանի օրինական պահանջների վրա:

Անցյալ տարվա սեպտեմբերին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարեց, որ մտադիր է հայց ներկայացնել Թուրքիայի դեմ՝ Սիսի կաթողիկոսարանին մինչեւ Ցեղասպանությունը պատկանող գույքը վերադարձնելու պահանջով: Թուրքիայի դատարանի կողմից այս հայցը մերժելու դեպքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը այդ որոշումն այնուհետեւ կբողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):

Վերջերս թուրքական մամուլը հաղորդեց, որ ամերիկահայ Զվարթ Սուջյանը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով վերադարձնել իր մոր՝ Բասմաջյանների ընտանիքին պատկանող հողատարածքը, որի վրա գտնվում է Դիարբեքիրի օդանավակայանը:

Ես խոսեցի 94-ամյա տիկին Սուջյանի հետ, որ բնակվում է Նյու Յորքում (եւ ոչ թե Կալիֆորնիայում, ինչպես հաղորդում է թուրքական մամուլը): Նա պատմեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո, բռնագաղթելով Դիարբեքիրից, նրա ընտանիքն սկզբում տեղափոխվել է Լիբանան, այնուհետեւ Կուբա (ոչ թե Կորեա՝ ըստ թուրքական մամուլի) եւ վերջապես հաստատվել Միացյալ Նահանգներում:

1967 թ. Սուջյան ընտանիքի կալվածքը բռնագրավվել է թուրքական կառավարության կողմից՝ տեղական մի թերթում հայտարարություն տեղադրելուց եւ սեփականատերերին չգտնելու մասին պնդումներ անելուց հետո:

Մի քանի տարի առաջ Սուջյանի փաստաբան Ալի Էլբեյօղլուն նրա անունից հայց ներկայացրեց Թուրքիայում՝ ձգտելով վերադարձնել նրա ժառանգությունը: 2013 թ. ապրիլին դատարանը մերժեց նրա պահանջը՝ պնդելով, որ 10-ամյա վաղեմության ժամկետն անցել է: Վերաքննիչ դատարանը բեկանեց ստորին ատյանի որոշումը եւ պահանջեց գործը վերաքննել, հիմնավորելով, որ Սուջյանը կարող էր տեղյակ չլինել Դիարբեքիրի տեղական թերթում տեղադրված իրավական հայտարարության մասին գույքի բռնագրավումից առաջ: Դատարանը հայտարարեց, որ այն առնվազն պետք է տեղադրվեր ամբողջ երկրում լայն տարածում ունեցող թուրքական թերթում:

Փաստաբան Էլբեյօղլուն պարզաբանեց, որ Սուջյանի կալվածքի բռնագրավումը  մասնավոր սեփականության իրավունքի խախտում է, ինչպես սահմանված է Մարդու իրավունքների եւ  հիմնական ազատությունների եվրոպական կոնվենցիայով:

Նույնիսկ եթե Սուջյանը հաղթի իր դատական գործը, ապա քիչ հավանական է, որ Թուրքիայի կառավարությունը վերադարձնի տասնյակ միլիոնավոր դոլարների արժողությամբ շատ թանկ հողատարածքը, որի վրա գտնվում են Դիարբեքիրի ռազմական եւ քաղաքացիական օդանավակայանները: Այդ իսկ պատճառով նրա փաստաբանը հայտնեց  «Միլիյեթ»  թերթին, որ Սուջյանը միայն հատուցում է պահանջում իր ընտանիքին պատկանող կալվածքի արժեքի  չափով:

Էլբեյօղլուն նաեւ «Միլիյեթին» ասաց, որ Սուջյանի գործը դուռ կբացի բազմաթիվ նման գործերի առջեւ: Հատկանշական է, որ թուրքական թերթն իր հոդվածը վերնագրել է «Սփյուռքի հույսը»:

Թուրքական լրատվամիջոցները չէին նշել, որ եթե վերաքննիչ դատարանը չբավարարի Սուջյանի հայցը, ապա նա կարող է իր գործով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ի դրական որոշումը կառաջացնի դատական հայցերի մի ամբողջ հեղեղ համայն հայության կողմից, որոնց նախնիները կալվածքներ են ունեցել, եւ որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ բռնագրավվել են թուրքական կառավարության կողմից:

Թուրքիայում կան անթիվ այլ արժեքավոր կալվածքներ, որոնք բռնագրավվել են հայերից, այդ թվում՝

– Անկարայում Նախագահական պալատը, որ մինչեւ վերջերս զբաղեցված էր Էրդողանի եւ Թուրքիայի նախկին նախագահների կողմից, գտնվում է Քասաբյան ընտանիքին պատկանող տարածքում:

– Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը մասամբ կառուցված է վանեցի Գեւորգ Սարյանի ընտանիքին պատկանող տարածքի վրա:

– Ինջիրլիքի ԱՄՆ ռազմակայանը գտնվում է մի քանի հայ ընտանիքների պատկանող կալվածքների վրա, որոնք դատական հայց են ներկայացրել ԱՄՆ դաշնային դատարան ընդդեմ Թուրքիայի կառավարության:

Այս եւ հայերին պատկանող հազարավոր այլ կալվածքներ պետք է վերադարձվեն իրենց օրինական տերերին որպես արդարության մասնակի վերականգնում, որ Թուրքիան պարտք է հայ ժողովրդին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի