Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում այսօր՝ հունվարի 21-ին, սկսվել է դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ 6 ամսական Սերյոժայի հրաժեշտի արարողությունը: (ֆոտոռեպորտաժ)
Փոքրիկի շուրջբոլորը տասնյակ խաղալիքներ են, որոնք իրենց հետ բերել են նրան հրաժեշտ տալու եկած համաքաղաքացիները:
Սերյոժայի կողքին հարազատներն են, որոնք վերջին մեկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ են նույն եկեղեցում հրաժեշտ տալիս Ավետիսյանների ընտանիքի անդամներին:
Եկեղեցու դրսում եւ ներսում մեծ թվով բազմություն է հավաքվել։ Սերյոժային հրաժեշտ տալու են գնացել նաեւ քաղաքական գործիչներ, պատգամավորներ։
6 ամսական Սերյոժային կհուղարկավորեն Շիրակի գերեզմանատանը՝ քրոջ, ծնողների, հորաքրոջ եւ տատիկ, պապիկի կողքին:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել է։
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























