Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգության մասով քննությունը պետք է տանեն հայ քննիչները, իսկ ռազմաբազայի տարածքում գործողություններ անելու դեպքում դրանց պետք է մասնակցեն նաեւ ռուսական համապատասխան մարմնի ներկայացուցիչները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ ըստ միջազգային պայմանագրի՝ ռուսական քննչական մարմինները կարող են օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարել միայն բազայի տարածքում, դրանից դուրս որեւէ գործողություն կատարելու իրավունք չունել: «Նրանք կարող են գործողություն անել միայն մեր քննչական մարմինների միջոցով, այդ թվում՝ իրավասու չէին ձերբակալել Պերմյակովին, կատարել օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պետք է դիմեին մեր մարմիններին, որ նրանք կատարեին այդ գործողությունները կամ էլ անելիս իրենք էլ մասնակցեին»,-ասաց փաստաբանը:
Նա շեշտեց, որ հայ քննիչները իրավասու են քննչական գործողություններ կատարել բազայի տարածքում, որը եւ քաղաքական, եւ աշխարհագրական, եւ իրավական աումով մեր տարածքն է, միայն մեկ վերապահում կա՝ դրան պետք է մասնակից դարձնեն ռուսական մարմնի համապատասխան մարմնի ներկայացուցիչները: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ որեւէ իրավական նորմ չկա համատեղ քննչական խումբ ստեղծելու, մեր քննիչները պետք է քննեն սպանության գործը, ռուսական կողմը՝ դասալքությանը: Իսկ թե ինչ նպատակով է ստեղծվում համակարգող մարմինը, փաստաբանն ասաց, որ այն չի կարող զբաղվել քննությամբ եւ շատ հարցականներ կան, քանի դեռ իրավասու անձինք չեն նշել, թե ինչ հիմքով եւ ինչպես են դա ստեղծում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա: Բժիշկները 7 օր պայքարում էին նրա կյանքի համար, որի ընթացքում նա երկու անգամ վիրահատության ենթարկվեց:
Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:




























