Ռուսական պետական մրցույթներին մասնակցության դյուրացման փաստն ուրախալի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի («Նայտեքս» ՓԲԸ) գլխավոր տնօրեն Հակոբ Աղաբեկյանը:

Նրա խոսքով, հիմա ընկերությունը պատրաստվում է պարզել, թե որ կայքերում են հրապարակվում Ռուսաստանի Դաշնությունում պետական եւ մարզային մրցույթների մասին տվյալները՝ դրանք մասնակցելու համար: «Ուրախ ենք այս նորության համար: Մենք կարող ենք ե՛ւ զինվորական, ե՛ւ քաղաքացիական պատվերներ կատարել: Ուզում ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք այնտեղ աշխատել»,- հավելեց Աղաբեկյանը:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության իրավական դաշտի համաձայն, Միության անդամ 4 պետություններից յուրաքանչյուրի տնտեսվարող սուբյեկտները կարող են հավասար պայմաններով մասնակցել մյուս երեքի պետական եւ տարածքային գնման մրցույթներին: