Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է սոցիական մեդիայում արշավ սկսելու մասին, որի նպատակն է՝ ավստրալական հանրության լայն շրջանակներին Հայոց ցեղասպանության մասին տեղեկացնել այդ ժամանակաշրջանի տեղական պարբերականների հոդվածների միջոցով: Այս մասին գրում է Ամերիկայի հայկական «Asbarez» պարբերականը:

Հանձնախումբն արխիվներից վերցված ավստրալական թերթերի հոդվածներից մեծ կատալոգ է պատրաստել: «#OnThisDay» արշավի շրջանակում այն Facebook-ի իր էջում ամեն օր հոդվածներ է հրապարակելու: Արշավն անցկացվելու է մեկ տարի:

Նշվում է, որ ավստրալական զանգվածային լրատվամիջոցներն Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի կոտորածների լուսաբանման համաշխարհային առաջատարն են եղել: Արդյունքում այդ իրադարձություններն աննախադեպ լուսաբանում են ունեցել այդ ժամանակաշրջանի տեղական պարբերականներում:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբն աշխատում է նաեւ «Հայոց ցեղասպանությունը… Ինչպե՞ս է այդ մասին հաղորդել ավստրալական մամուլը. Հատոր 2-րդ» անվանումով հրատարակության ուղղությամբ, որը լույս կտեսնի այս տարվա ընթացքում: