Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցը Բեռլին նշանավորվել է սկանդալով: Ալիեւի Գերմանիայի մայրաքաղաք է այցելել Դավոսից Բաքու ուղեւորվելու ճանապարհին, որտեղ անցկացվում էր Համաշխարհային տնտեսական ֆորումը:
Սակայն Բեռլինում, ըստ «Deutsche Welle»-ի, Ալիեւի այցի առիթով այնքան էլ ուրախ չեն եղել: Այսպես, «Եվրոպական հարթակ՝ ժողովրդավարական ընտրությունների օգտին» կազմակերպության ակտիվիստները «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության անդամների հետ Ադրբեջանի նախագահին դիմավորել են ցույցով: Նրանք պաստառներ, քաղբանտարկյալների լուսանկարներ են պարզել եւ ռուսերեն ու անգլերեն վանկարկել՝ «Կանգնեցրեք բռնապետ Ալիեւին», «Ադրբեջան՝ առանց քաղբանտարկյալների», «Ժողովրդավար Ադրբեջան՝ առանց Ալիեւի» եւ այլն:
Միջադեպ է եղել նաեւ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: Մասնավորապես, Անգելա Մերկելը նկատել է, որ հանրապետությունում մարդու իրավունքների ոլորտում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, եւ հիշեցրել, որ Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ է, ինչը նշանակում է, որ պարտավոր է պաշտպանել մարդու իրավունքները, հետեւել ժողովրդավարական եւ իրավարար պետականության նորմերին:
«Կարծում ենք, որ մարդու իրավունքների ոլորտում կան դեպքեր, որոնց մասին մենք նշել ենք, որ քննադատության են արժանի»,- ասել է Անգելա Մերկելը:
Կանցլերը նաեւ հիշեցրել է, որ Գերմանիան շահագրգռված է, որպեսզի գերմանական հիմնադրամներն ու կազմակերպությունները կարողանան Ադրբեջանում աշխատել հուսալի իրավական հիմքով: «Այս հարցում մենք դեռեւս տարակարծություններ ունենք»,- հավելել է նա:
Մամուլի ասուլիսի ավարտին էլ Ալիեւի համար եւս մեկ տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Լրագրողներից մեկը բարձրացել է տեղից եւ երկար կոչ արել Ադրբեջանի նախագահին ազատ արձակել քաղբանտարկյալներին: Կանցլերի անվտանգության պահպանության աշխատակիցները լրագրողին թույլ են տվել արտահայտվել, ինչից հետո քաղաքավարի խնդրել են լրագրողական վկայական ներկայացնել ու գոհ են մնացել փաստաթղթի առկայությունից:




























