Տավուշի մարզում հունվարի 21-ի երեկոյան հակառակորդի կրակոցից զոհված Արման Ուդումյանն արդեն 6 տարի ծառայում էր Զինված ուժերում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը, որի համագյուղացին է զոհված զինծառայողը:
«Արմանն ամուսնացած էր, 3 երեխա ուներ: Մեծը 6-րդ դասարանում է սովորում, փոքրն էլ 5 տարեկան է»,- ասաց գյուղապետը:
Նա հայտնեց, որ հուղարկավորության օրը հայտնի չէ, Արմանի մարմինը դեռ գյուղ չեն բերել:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հունվարի 21-ի երեկոյան հակառակորդի կրակոցից զոհվել է Բերդի տարածաշրջանի բնակիչ, կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը՝ ծնված 1980թ.:




























