Գյումրիի սպանդի գործով ստեղծված համակարգող շտաբը փոխհամագործակցված կառույց է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Կառույցը ղեկավար չունի, այնտեղ հավասարապես ներկայացված են 10-ական ներկայացուցիչ երկու կողմերից: Թե Հայաստանից ովքեր են ներկայացված այդ շտաբում, ՔԿ-ն անուններ չի հրապարակում: Համատեղ շտաբում ընդգրկված են ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների նախագահների տեղակալները:

Հարցին, թե ինչպես են որոշումները կայացվելու, Սոնա Տռուզյանը պարզաբանեց, որ գործողությունները լինելու են փոխհամագործակցված, եթե լինեն խնդիրներ, դրանք կլուծվեն միջազգային իրավունքի եւ համաձայնագրի շրջանակներում:

NEWS.am-ի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում Ավետիսյանների կողմից դեռ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ չեն ընդգրկվել, նրանք դեռ չեն քննարկել, թե ովքեր կլինեն տուժողի իրավահաջորդ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է  հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա:

Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Ռուս զինծառայողն ընդունել է առաջադրված մեղադրանքը: