Հայաստանի քննչական կոմիտեի կողմից հարուցված քրեական գործի նախաքննական վարույթում Գյումրիում ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի՝ առողջական խնդիրներ ունենալու մասին տվյալ ձեռք չի բերվել: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Նշենք, որ «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Վալերի Պերմյակովին ձերբակալության հաջորդ օրը տարել են Գյումրիի հոսպիտալ, որտեղ նա տարբեր ստուգումների է ենթարկվել: Ըստ որոշ տեղեկությունների, Պերմյակովը ծեծված է եղել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա:
Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել: Ձերբակալվելուց հետո արդեն 10 օր Պերմյակովը գտնվում է ռուսական ռազմակայանում եւ այդ ընթացքում հայ քննիչները միայն նախօրեին են կարողացել տեսնել նրան եւ հարցաքննել:




























