Արցախի ազատամարտիկների միությունը որոշել է խափանել հիմնադիր խորհրդարանի երթը: 

ԱԱՄ  վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Արցախի ազատամարտիկների միության անդամները, գիտակցելով աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մեր երկու հայկական հանրապետությունների առանձնահատուկ վիճակը, դատապարտում են Հայաստանում  ձեւավորված այսպես կոչված «Հիմնադիր խորհրդարանի» կողմից Արցախում առաջիկայում իրականացվելիք  հակաիրավական եւ անհեռանկար գործըթացները ու միաժամանակ արդարացիորեն կիսում եւ պաշտպանում ԼՂՀ իշխանությունների այն տեսակետը,  որ կիսապատերազմական վիճակում   գտնվող  եւ չճանաչված  կարգավիճակ ունեցող Արցախի համար էական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության հետ նրա  ամուր կապը, ինչն առաջին հերթին հիմնված  է պաշտոնական Երեւանի նկատմամբ արցախցիների դրսեւորած հավատի ու վստահության վրա:

Մենք  համոզված եւ լիահավատ ենք, որ ցնցումներն ու, մանավանդ, հեղափոխական կոչերը ոչ միայն անընդունելի եւ զրպարտելի են Արցախյան ազատամարտի մասնակիցների, այլեւ հայրենիքի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի համար:

Ելնելով այս իրողությունից  Արցախի ազատամարտիկների միությունը  անընդունելի եւ անթույլատրելի է համարում,այսպես  կոչված «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման  կողմից հունվարի 31-ին  «Դեպի Արցախ» կազմակերպվելիք «Մեծ ավտոերթը» եւ հավաստիացնում է, որ  չենք թույլատրելու  դրա իրականացումը, քանի որ ժողովրդի անունից խոսող, սակայն նույն ժողովրդի իրական  ցանկություններին եւ   մտահոգություններին անտեղյակ մի խումբ անձանց այդօրինակ վարվելակերպը ոչ միայն անիմաստ, այլեւ ազգային միասնությանն ու նրա  անվտանգությանն սպառնացող հանցավոր ծրագիր է»: