Դերասան Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզեն չի հասկանում, թե մեկ տարի ձգված դատական նիստերն ինչին են ծառայել. Մեղադրական ճառը կրկնությունն է մեկ տարի առաջ ներկայացված մեղադրական ակտի:

«Ֆրանսիայում դատարանը չէ քննություն իրականացնում, այլ քննիչ-դատավորը: Քննությունը մեզ մոտ երբեք հրապարակային չի լինում: Վարդան Պետրոսյանի հետ կապված այս գործում ես տեսա այդ դժվարությունը, երբ նույն դատարանը քննություն եւ վճիռ է իրականացնում: Ընթերցելով մեղադրական ճառերը` այնպիսի տպավորություն ես ստանում, որ այս մեկ տարվա քննությունը գոյություն չի ունեցել: Այնպես որ չեմ հասկանում, թե մեկ տարի ձգված դատական նիստերն ինչին են ծառայել, որովհետեւ մեղադրական ճառը մեկ տարի առաջ ներկայացված մեղադրական ակտի քոփի-փեսթն է: Յուրաքանչյուր ուրբաթ քննարկվել են հարցեր, որոնք երբեք ոչ մի տեղ չեն օգտագործվելու»,- այսօր` հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ֆրանսիացի պաշտպանը` մեկնաբանելով մեղադրական կողմի պահանջած պատժաչափը:

Նշենք, որ դատախազ Արթուր Սարգսյանը հունվարի 16-ին կայացած դատական նիստին պահանջել է դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս տարվա ազատազրկման՝ 3 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։