Ռուսական կողմը պարտավոր է Հայաստանի համապատասխան իշխանություններին հաղորդել զինված զինվորի դասալքության մասին: Այդ մասին այսօր՝ հունվարի 22-ին, խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Ավետիսյանների ընտանիքի սպանդին:

Ի պատասխան պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին՝ արդյոք ռուսական կողմը պարտավո՞ր է դա անել, եւ կատարե՞լ է արդյոք իր պարտավորությունը, գլխավորդատախազը նշել է, որ պարտավոր էր, եւ արել է, թե ոչ՝ դեռ բացահայտվում է:

Միջադեպի մանրամասների՝ Պերմյակովի կողմից զորամասը լքելու ժամի, նրա հայտնաբերման հանգամանքների (թե ով է վերջինիս առաջինը հայտնաբերել եւ որտեղ) վերաբերյալ հարցերին Կոստանյանը հանգամանորեն չի պատասխանել՝ տվյալ փուլում նպատակահարմար չհամարելով:

Ինչ վերաբերում է ընտանիքի հետ ունեցած հանցագործի կապերին՝ ուղղակի կամ անուղղակի, այս հանգամանքները նույնպես պարզվում են: «Գործի շրջանակներում ստուգվում են բոլոր վարկածները», հայտարարել է գլխավոր դատախազը՝ հիշեցնելով, որ այն, ինչ հիմա նա ասում է, չի կարող վերջնական լինել, քանի դեռ գործը գտնվում է հետաքննության փուլում:

Ի պատասխան պատգամավորների խնդրանքին՝ հստակեցնել՝ արդյոք նա դիմե՞լ է իր ռուս գործընկերոջը, ինչպես ավելի վաղ հաղորդել էր, Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ անպայմանորեն կդիմի, երբ համապատասխան ժամանակը գա: «Մենք կապի մեջ ենք: Ես խոստացել եմ, որ կդիմեմ, եւ դա իմ պարտականությունն է: Ես պարտավոր եմ դիմել, սակայն համապատասխան փուլում, հիմքերի առկայության դեպքում: Դիմումը ինքնանպատակ չի կարող լինել», - նշել է Կոստանյանը: