Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահների հանձնելու պահանջով հունվարի 26-ին երթ է լինելու Երեւանում:

Ինչպես տեղեկանում ենք նախաձեռնության տարածած հայտարարությունից, այդ օրը ժամը 18։30-ին Կասկադից կմեկնարկի երթ՝ Կորյունի փողոցով դեպի Աբովան, Աբովյանից դեպի Թումանյան եւ Թումանյանով դեպի Ազատության հրապարակ։

«ՀՀ իշխանություններից, ինչպես նաեւ ռուսական կողմից պահանջում ենք՝ 2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեղադրյալին հանձնել ՀՀ իրավապահներին։

Պահանջը բխում է «ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» համաձայնագրի չորրորդ հոդվածից։

Դա կարող է երաշխիք հանդիսանալ գործի անկողմնակալ քննության եւ արդարադատություն իրականացնելու համար հանուն Հայաստանի Հանրապետության։

Մեր պահանջն արդար է»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է  հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա:

Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Ռուս զինծառայողն ընդունել է առաջադրված մեղադրանքը: