Երեւանյան 10 ավտոբուսներում հատուկ վերելակներ են տեղադրվում:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեռեւս 2014թ. քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր հատուկ կարիքներ ունեցող անձանց համար Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրրի շրջանակում ձեռք բերել եւ վերելակներով կահավորել ուղեւորափոխադրում իրականացնող 10 ավտոբուս: Նախորդ տարեվերջին պատվիրված հատուկ վերելակները ներկրվեցին Երեւան, եւ այս օրերին դրանք տեղադրվում են «Հայգեր» մակնիշի նոր ավտոբուսներում:

Պատասխանատուների հավաստմամբ՝ գործընթացը կավարտվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Իսկ մինչ այդ վերելակների տեխնիկական հնարավորություններն ու դրանց հարմարավետությունը փորձարկվում են նաեւ շահառուների մասնակցությամբ:

Հարկ է նաեւ նշել, որ համապատասխան կահավորումով ավտոբուսների երթուղիներում շահագործման հարցում կնախընտրվի Երեւանի բոլոր վարչական շրջաններից հատուկ կարիքներով անձանց քաղաքի կենտրոն հասնելու հնարավորության սկզբունքը: