Հայկական կողմի գործողությունները լինելու են ավելի անողոք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Իրադրությունը ՀՀ եւ ԼՂՀ սահմաններին մնում է լարված, հակառակորդը կորուստներ է կրում, սակայն հաշվի չի նստում դրանց հետ: Հայկական կողմի գործողությունները լինելու են ավելի անողոք ու դրանց հետեւանքները արդեն ոչ մի սահմանափակումով հնարավոր չի լինելու թաքցնել»,-գրել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 23-ի առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:
Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տեւել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով եւ մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ եւ վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը եւ շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան:




























