«Նոյեմբերի 5»-ի գործով Վերաքննիչ բողոքի քննությանն այսօր` հունվարի 23-ին, գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված` «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը ներկայացրեց, թե նոյեմբերի 5-ին ինչու էր դուրս եկել փողոց:

«Իմ նախաձեռնած պայքարը եղել է արժեքների հեղափոխություն: Մինչդեռ ոչ քննչական մարմինը, ոչ էլ դատարանը համակողմանի քննություն չի իրականացրել: Ես նորից եմ ասում, որ Հայաստանը ղեկավարում է ռուսական ԿԳԲ-ն, նրանք փորձում են ժողովրդին դեբիլացնել: Արժեքների դեգրեդացիան բերում է տրամաբանության դեգրեդացիայի: Ես նոյեմբերի 5-ին հենց արժեքների հեղափոխություն եմ փորձել անել»,- Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց Շանթ Հարությունյանը:

Դատավորը խնդրեց խոսել «ըստ էության, միայն գործի շրջանակներում»: Շանթ Հարությունյանը, սակայն, շարունակեց իր խոսքը` անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած սպանդին` հորդորելով հասարակությանը չլարել հարաբերությունները Ռուսաստանի հետ, հակառուսական տրամադրություններ չառաջացնել. «Հորդորում եմ ռուսական ոչ մի շինության վրա չհարձակվել»:

Դատավորը նորից հորդորեց Շանթ Հարությունյանին խոսել Վերաքննիչ բողոքի մասին, հակառակ դեպքում ինքը ստիպված կլինի զրկել ձայնի իրավունքից:

«Թողեք հինգ րոպե խոսել»,- բորբոքվեց դատապարտյալը եւ շարունակեց. «Ռուսաստանն ինձ հալածում է եւ հենց ՌԴ օրենքներով էլ ինձ ազատազրկել են: Ես խուլիգանություն չեմ արել»:

Դատավորը, այնուամենայնիվ, թույլ չտվեց Հարությունյանին ավարտել խոսքը:

Նշենք, որ 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալներին դատապարտեց 1-7 տարվա ազատազրկման, Միսակ Առաքելյանի նկատմամբ տուգանք նշանակեց:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Շանթ Հարությունյանին մեղավոր  ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, նրա անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Նրանց մեղադրում էին 2014թ. նոյեմբերի 5-ին Երեւանում անկարգություններ հրահրելու մեջ:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։