Հակառակորդի հարձակման հետեւանքով զոհված լեյտենանտ Կարեն Գալստյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր: Գյուղապետարանից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նա ավարտել է ռազմական ինստիտուտը եւ անցել ծառայության: Մարտի 18-ին Կարենը կդառնար 21 տարեկան: Գյուղապետարանից մեզ հայտնեցին, որ ընտանիքը ապրում է նորմալ սոցիալական պայմաններում, հայրը գտնվում է արտագնա աշխատանքի մեջ, Կարենը տան կրտսերն է, ունի իրենից մեծ եղբայր: «Շատ խելացի, սիրուն, սիմպատիչնի տղա էր, ոնց որ մոդել լիներ, Անտոնյո Բանդերասը կողքը ղալաթ է արել»,-այսպես են նրան բնութագրում գյուղացիները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդը շարունակելով սահմանային իրավիճակի ապակայունացնող գործողությունները, ՀՀ եւ ԼՂՀ ողջ սահմանի տարբեր հատվածներում շարունակում է դիվերսիաների եւ հարձակումների մարտավարությունը: Ադրբեջանական զինված ուժերը հաշվի չնստելով իրենց մեծաթիվ կորուստների հետ, որոնք ուղղակի կոպտորեն թաքցնում են, շարունակում են անիմաստ դիվերսիաներ իրականացնել:
Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվը անցնում է 300-ը: Այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաեւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:
Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տեւել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով եւ մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ եւ վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը եւ շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան:
ՀՀ ՊՆ-ը կիսում է մեր շարքերից հեռացած զինծառայողների կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցություն է հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին: Լարվածության ողջ պատասխանատվությունը ու հետեւանքները մնում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»:




























