Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատախազը, ունենալով միայն վթարի մասին ահազանգի ճշտգրիտ ժամը, չէր կարող  հետեւություն անել, թե վթարը տեղի է ունեցել ժամը 22:10-ին: Այս մասին այսօր՝ Աբովյան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպանական ճառում ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։

«Ըստ մեղադրողի` «Շտապօգնություն» ահազանգ է ստացվել 22:24-ին, ոստիկանությունում ահազանգը ստացվել է 22:25-ին: Այս երկու փաստն ունենալով՝ դատախազը հետեւություն է արել, թե վթարը տեղի է ունեցել 22:10-ին՝ նույն րոպեին, երբ Վարդան Պետրոսյանը հեռախոսով խոսելիս է եղել: Միայն այդ ապացույցների պարագայում դատախազը չէր կարող  հետեւություն անել, որ վթարը 22:10-ին  է տեղի ունեցել: Իրականում 22:10-ին ստացվել է զանգը, անջատվել է, վթարը տեղի է ունեցել: Ոչ մի ապացույց չի կարող հերքել, որ վթարից 2 րոպե առաջ է խոսել Վարդան Պետրոսյանը: Ահազանգի պահը ունենալով՝ չի կարելի հետեւություն անել: Նախաքննական մարմինը երկու փաստ պետք է ապացուցեր, որ Վարդան Պետրոսյանի մեղավորությունն ապացուցեր. նախ, որ  հեռախոսը եղել է Վարդանի ձեռքում խոսելիս, եւ երկրորդ՝ հեռախոսով խոսելը որքանով էր պատճառական կապի մեջ վթարի հետ»,- ասաց պաշտպանը:

Անդրադառնալով մեղադրանքի այն կետին, որը վերաբերում է Վարդան Պետրոսյանի՝ արագությունը գերազանցելուն, Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ եթե ճիշտ լիներ մեղադրանքը, ըստ որի, Վարդան Պետրոսյանը գերազանցել է սահմանված արագությունը՝ երթեւեկելով առնվազն 71 կմ\ժ արագությամբ եւ վթարը տեղի է ունեցել կողնակում, ապա կարելի է ենթադրել, որ յուրաքանչյուր նույն մակնիշի ավտոմեքենա եթե նույն արագությամբ նույն եղանակային պայմաններում երթեւեկի, պետք է դուրս գա կողնակ:

Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին հիշեցրեց առաջին եւ երկրորդ օրերի՝ դեպքի վայրի արձանագրությունների միջեւ եղած հակասության մասին. առաջինով ապակու եւ պլաստմասե կտորները թափված են եղել փողոցի բանուկ մասում, երկրորդով՝ կողնակում: Փաստաբանը հիշեցրեց նաեւ հրշեջ ծառայության աշխատակցի ցուցմունքը դատարանում, որում նա նշել էր, որ իրենք են լվացել տարածքը, եւ բեկորները բանուկ մասից տեղափոխել:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ եթե դատարանը չմերժեր լրացուցիչ  փորձաքննություն անցկացնելու իրենց միջնորդությունը, կապացուցվեր, որ վթարը չի եղել կողնակում եւ հնարավոր կլիներ ստանալ շատ հարցերի պատասխաններ։

«Բոլոր ապացույցները ունենալով, մենք ոչ մի հարցի պատասխան չստացանք դատավարարության ընթացքում։ Կրկնակի փորձաքննությունը կպարզեր, որ Վարդան Պետրոսյանը դուրս չի եկել կողնակ: Եթե փորձագետները տային եզրակացություն, որ Վարդան Պետրոսյանը, տեսնելով հետընթաց անող «Նիվան», վթարը կանխելու հնարավորություն է ունեցել, այ դեպքում ոչ իմ, ոչ Վարդանի կողմից ոչ մի բողոք չէր լինի»,- ասաց պաշտպանը:

Օբյեկտիվ փորձաքննության դեպքում, ըստ պաշտպանի, գործը կտեւեր 1-2 ամիս, եւ ոչ ոք ասելիք չէր ունենա. «Իմ ճառն էլ կտեւեր 1-2 րոպե»։

Նշենք, որ Նիկոլայ Բաղդասարյանի ելույթը շարունակվում է արդեն 1 ժամից ավելի։

Նշենք, որ դատախազ Արթուր Սարգսյանը հունվարի 16-ին կայացած դատական նիստին պահանջել է դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս տարվա ազատազրկման՝ 3 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։