Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ այսօր՝ հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացրած հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայող Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի առողջական վիճակը ծանր կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդի հոսպիտալի ղեկավար Էդիկ Գրիգորյանը:

Նա նշեց, որ զինծառայողը ստացել էր խառը վնասվածքներ, վնասվել էր թոքը, լյարդը, կրծքավանդակը, որովայնը, արյան մեծ կորուստ կար: Այժմ զինծառայոըղ գտնվում է նառկոզի տակ, բայց գիտակցություն առկա է: Էդիկ Գրիգորյանն ասաց, որ զինծառայողը տեղափոխման ենթակա չէ եւ նման խնդիր այժմ չկա:

Ավելի վաղ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվը անցնում է 300-ը: Հունվարի 23-ին առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաեւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:

Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տեւել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով եւ մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ եւ վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը եւ շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը»: