Երեւանում թալանել են հայտնի դերասան Արտաշես Ալեքսանյանի ( «Մի վախեցիր», «Poker.am», «Գարեգին Նժդեհ», «Ճակատագրի գերիներ», «Դժբախտ երջանկություն», «Վերադարձ», «Ոստիկաններ», «Հարազատ թշնամի» եւ այլն) բնակարանը: Դերասանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ հունվարի 21-ին տուն գալուց հետո անակնկալի է եկել՝ հայտնաբերելով տան դռները բաց, լույսերը՝ միացված, իսկ բնակարանը՝ թալանված: Հենց նույն օրը՝ երեկոյան, անհայտ անձը կամ անձինք մտել են նրա Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող բնակարան եւ տարել ոսկեղեն, հեռուստացույց, ինչպես նաեւ Արտաշես Ալեքսանյանի մեդալները: Դերասանը նշեց, որ մոտավորապես 8-10 հազար դոլարի վնաս են հասցրել: Նրա կարծիքով՝ սա մեկ հոգու ձեռի գործ չէ, քանի որ պետք է մեկը լիներ ներսում, մեկն էլ հետեւեր, որ տուն մարդ չգար: Նա դիմել է ոստիկանություն, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, առայժմ դերասանի տունը թալանողները չեն հայտնաբերվել:
Հարցին, թե մուտքում կամ տանը տեսախցիկներ չկան, Արտաշես Ալեքսանյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ այժմ արդեն կտեղադրի: Նա հիշեց, որ մի անգամ էլ արվեստանոցն էին թալանել, ինքը պատերազմից վերադարձել էր եւ հայտնաբերել արվեստանոցը թալանված: Թե ում է կասկածում իր բնակարանից գողություն անելու մեջ, դերասանը նշեց՝ տարածքի թմրամոլներին:




























