Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 23-ին, «Վերնիսաժի» գործով ցուցմունք տվեցին վկաները:

Վկա Աստղիկ Օսիկյանը նշեց, որ ամբաստանյալներին չի ճանաչում, այդ օրը պատահական է հայտնվել դեպքի վայրում եւ ոչ ոքի ձեռքին ատրճանակ չի տեսել: Վկան ճանաչեց տուժող Մյասնիկ Միքայելյանին, որին դեպքի օրը օգնություն է ցուցաբերել:

«Կրակոցներ լսեցի՝ սկզբից 2-ը, ապա դադար, հետո եւս 3-ը: Ոչ մեկի ձեռքին ատրճանակ չեմ տեսել: Կոնկրետ արտահայտություններ չեմ հիշում, բայց աղմուկ, գոռգոռոց եւ հայհոյանքներ եմ լսել, մոտեցա Կինոյի տան աստիճաներին վիրավոր պառկած 24-25 տարեկան սպորտային հագուստով տղային, որը վնասվածք էր ստացել ձախ ոտքի աճուկային մասում, պայուսակումս մաքուր հագուստ կար, հանեցի, մի կնոջ հետ փաթաթեցինք ոտքին, որպեսզի ավելի չարնահոսի»,- պատմեց վկան:

Մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը` պատճառաբանելով, որ դատարանում եւ նախկինում տված ցուցմունքներում էական հակասություններ կան: Դատարանը բավարարեց միջնորդությունը, հրապարակվեց նախաքննական ցուցմունքը, որում վկան նշել է, որ երկու տղաների խոսակցություն է լսել` «էս ի՞նչ արեցիր, ասեցի՝ թողենք, գնանք էստեղից», եւ նույնիսկ մասամբ նշել է սեւ եւ սպիտակ մեքենաների պետհամարանիշները:

Վկա Վանիկ Պետրոսյանը իր ցուցմունքում ասաց, որ չի ճանաչում ամբաստանյալներին` ավելացնելով, որ դեպքի ժամանակ վիճաբանության ձայներ է լսել, սակայն ոչինչ չի տեսել, քանի որ թիկունքով է կանգնած եղել:

«Էդ օրը եկել եմ Վերնիսաժ, սեղանիկի վրա փռել եմ ապրանքս, դեպքը եղել է մոտ, բայց իմ հետեւում, ես անձամբ ոչ մի բան չեմ տեսել, աղմուկ եմ լսել, իրարանցում եմ նկատել, բայց ոչ մի բան չեմ տեսել: Վեճեր եմ լսել, սիգնալներ, վիճաբանություն ու կրակոցներ եմ լսել։ Թե ով ա կրակել, ում ա կրակել, ով ա ում հետ վիճել, չեմ տեսել: Էնքան մարդ էր թափած, կանգնել էի սեղանիկիս մոտ, որ գողություն չլիներ: Հետո երբ սկոռին գնաց, խախանդվեց, մնացածը պատմելով եմ իմացել։ Լսել եմ, որ ավտոյի բազար է գնում»,- ասաց վկա Վանիկ Պետրոսյանը

Վկա Արսեն Անդրեասյանի ցուցմունքում նույնպես հակասություն կար. դատարանում հայտարարեց, որ դեպքի ժամանակ ինքը 150 մետր հեռավորության վրա է եղել, սակայն  նախաքննական ցուցմունքում վերջինը նշել էր, որ 10-15 մետրից է ականատես եղել դեպքին:

«150 մետր հեռավորության վրա էր, ես չեմ մոտեցել, Վերնիսաժի հակառակ կողմն էի: Բայց տեսա, որ 2 հոգի վիճում էին, քաշքշում էին իրար, ջանով մեկն ասեց՝ մի գոռգոռա, ու բոքսով խփեց Գոռին, ասեց՝ հիմա կտեսնեք, նստեց մեքենա, ես գնացի, հետո եկա, տեսա՝ 3 հոգի վիրավոր են»,- ասաց վկան`ավելացնելով, որ այժմ կարող է հաստատ ասել, որ թիկնեղ մեկը հենց  Գոռ Առաքելյանին է հարվածել, սակայն հարվածողին կողքից է տեսել եւ դեմքը չի հիշում։

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա հունվարի 27-ին:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։

Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: