ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «BirthLink» ՀԿ-ի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանն այցելել են Աբովյան քաղաքի ծննդատուն:

Ծննդատանը տրամադրվել են վաղահաս ծնված եւ առողջական խնդիրներով երեխաների առաջնային խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներ. տաքացուցիչ, շնչառական ֆունկցիայի կարգավորման սարք, թթվածնային թերապիայի սարք, դեղնախտի վերահսկման սարք, ինչպես նաեւ երակային ներարկման պոմպ: Մարզային ծննդատներին տրամադրված բուժսարքավորումների եւ սարքերի միջոցով հնարավոր կլինի պատշաճ բուժօգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող եւ ոչ բավարար քաշով ծնված երեխաներին՝ ապահովելով առողջական վիճակի կայունացում նախքան Երեւանի բուժկենտրոններ տեղափոխելը: Որոշ դեպքերում անհրաժեշտ բուժսարքավորումների առկայության շնորհիվ կարող է վերանալ տեղափոխման անհրաժեշտությունը՝ հնարավորություն ընձեռելով մայրերին մնալու երեխայի կողքին:

«Արդեն յոթ տարի Հայաստանում շարունակվում է նորածնային խնամքի բարելավմանն ուղղված ծրագիրը: Դրա արդյունավետության մասին է փաստում նորածնային մահացության ցուցանիշի կրճատումը: «BirthLink» ՀԿ-ի հետ ձեռք-ձեռքի` մենք կարողացել ենք վերազինել Երեւանի եւ մարզերի մի շարք ծննդատներ, ինչպես նաեւ՝ կազմակերպել ոլորտի մասնագետների վերապատրաստում` բարդությունների եւ հիվանդությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու եւ նորածինների կյանքը փրկելու համար: Այս ծրագիրն ապացուցել է իր կարեւոր նշանակությունը: Չի կարելի լինել անտարբեր եւ մնալ դիտորդի դերում, երբ խոսքը մանկան կյանքին է վերաբերում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրագործվող ծրագիրն առանձնահատուկ կարեւորություն է տալիս նորածնի կյանքի առաջին օրվա ընթացքում ցուցաբերվող բուժօգնությանը՝ ձգտելով բոլոր ծննդատներն ապահովել անհրաժեշտ սարքավորումներով եւ վերապատրաստված մասնագետներով` առողջական խնդիրներով ծնված երեխաների մահացության ցուցանիշի կրճատման համար: Բուժսարքավորման տրամադրմանը զուգահեռ շարունակվում է բուժանձնակազմի վերապատրաստումը եւ աջակցությունը:

Այս տարի լրանում է «BirthLink» ՀԿ-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ վաղածին երեխաների խնամքի բարելավմանը եւ նորածնային մահացության ցուցանիշի կրճատմանն ուղղված համագործակցության յոթերորդ տարին: Ծրագիրը մեկնարկել է 2008 թ.-ին եւ մինչ այժմ ընդգրկել է Երեւանի տասներկու եւ Հայաստանի յոթ մարզերի քսաներեք նորածնային բաժանմունք: Ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս հատկացրել է մոտ 535 միլիոն դրամ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ղեկավարվող «Յուրաքանչյուր նորածին» («Every newborn») գործողության ծրագրի համաձայն՝ տարեկան հնարավոր է 3 միլիոն նորածինների եւ մայրերի կյանք փրկել՝ ներդրում կատարելով նախածննդային հսկողության եւ առողջական խնդիրներ ունեցող երեխաների խնամքի բարելավման ոլորտում:

Նորածնային մահացության դեպքերի 80%-ը հնարավոր է կանխել, մասնավորապես՝ վաղաժամ ծնունդի եւ վարակների հետեւանքով առաջացած բարդությունների հեռացման ճանապարհով: Նորածնային խնամքի բարելավումը կարող է բազմաթիվ կյանքեր փրկել, բայց դրա համար անհրաժեշտ է ապահովել նաեւ մասնագետների վերապատրաստում եւ վերազինել նորածնային բաժանմունքները ժամանակակից բուժսարքավորումներով:

 Միջոցառման լրատվական լուսաբանումը կարող եք դիտել այսօր` հեռուստաընկերությունների երեկոյան լուրերի թողարկումներում: