Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 23-ին, դերասան Վարդան Պետրոսյանն իր ճառը սկսեց՝ Հակոբյաններին ցավակցություն հայտնելով:
«Խորը կսկիծով ցավակցում եմ տուժածների ընտանիքներին: Անդառնալի է այդ երկու երեխաների կորուստը: Ինչպես հասկացա, նման գործերը լուծվում են երկու ձեւով՝ դատարանից դուրս՝ բարիշելով, մյուս ձեւը, երբ հարցը փորձում են լուծել դատարանի օրենքներով»,-ասաց Վարդան Պետրոսյանը:
Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը դատարանին միջնորդեց տուժող Արթուր Հակոբյանին, որին ավելի վաղ դատարանը, սանկցիա կիրառելով, հեռացրել էր անհարգալից վերաբերմունքի համար, թույլ տալ մասնակցել դատական նիստին եւ հանդես գալ ռեպլիկով:
Վարդան Պետրոսյանը առարկեց միջնորդությանը. «Ես մեկ տարի շարունակ լռում եմ։ Եթե ինչ ասես, պիտի ասեն, ես դեմ եմ: Ես չեմ կարող շարունակել իմ ճառը նման պայմաններում: Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում»։
Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ Արթուր Հակոբյանին թույլ տալով մասնակցել նիստին:
Նշենք, որ դատախազ Արթուր Սարգսյանը պահանջել է դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս տարվա ազատազրկման՝ 3 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։




























