Բրիտանական լրատվամիջոցները հրապարակել են Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնի լուսանկարը, որում քաղաքապետը պատկերված է Իրաքյան Քուրդիստանում հողին պառկած, ձեռքին՝ Կալաշնիկով ավտոմատ:

Քաղաքապետի կողքին երեւում է նաեւ քրդական «փեշմերգա» զինված խմբավորման մարտիկը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ջոնսոնը ձեւացնում է, թե նշան է բռնում: Լոնդոնի քաղաքապետարանի մամուլի ծառայությունում անմիջապես հայտարարել են, որ Բորիս Ջոնսոնը պարզապես կեցվածք է ընդունել՝ լուսանկարվելու համար, սակայն չի կրակել զենքից եւ չի մասնակցել ռազմական գործողությունների:

Ինքնավար Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում գտնվելու ընթացքում Ջոնսոնն այցելել է բրիտանական ռազմական խորհրդատուների տեղակայման վայր: Նրանք ուսուցանում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ մարտերին մասնակցող քուրդ ապստամբներին:

Քաղաքապետի՝ ինքնավարություն այցի նպատակներից մեկն էլ Եվրոպայի խոշորագույն ֆինանսական կենտրոն Լոնդոնի եւ Իրաքյան Քուրդիստանի միջեւ գործնական կապերի ամրապնդումն է, որտեղ տեղակայված են նավթի խոշորագույն հանքերը: