Հայաստանի քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում այսօր՝ հունվարի 26-ին, Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում տեղի ունեցած սպանության մասին:

Ըստ այդմ, այսօր՝ հունվարի 26-ին, «հոգեվարքային վիճակ, հրազենային վնասվածքով» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Յուրիկի Իրիցյանը, ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննությամբ պարզվել է, որ Իրիցյանին հրազենային վնասվածք է պատճառվելԳեղարքունիքի մարզի Լիճք գյուղի սկզբնամասում գտնվող հուշարձանի մոտ: Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 4 հատ պարկուճ:

Քրեական գործով կազմվել է քննչական խումբ, կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ` սպանության բոլոր հանգամանքները պարզելու համար:

Ըստ նախնական տեղեկությունների, նա կենցաղային հարցերի պատճառով վիճաբանել է իր ծանոթի հետ, որի ժամանակը ծանոթը իր մոտ եղած հրազենից կրակել է: