Նախագահի ելույթը՝ կապված ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակումների հետ, խիստ չէր, ավելին՝ նուրբ էր։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։

«Քանի գործով չի, հլը դեռ խիստ չի։ Նախագահն ադբեջանցիներին ասում է՝ ձեզ խելոք պահեք, խելոք չպահեք, կտամ բերաններիդ, անմեղ մարդկանց մի կրակեք, մի խփեք, խելոք պահեք ձեզ սահմանի վրա, թե չէ մենք էլ ենք ի վիճակի հակառակ պատասխաններ տալու»,-ասաց նա:

ԵԿՄ նախագահի կարծիքով՝ սահմանին աննախադեպ լարվածությունը կապված է Թուրքիայի միջամտության հետ, որը փորձում է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի հետ կապված միջազգային հանրության ուշադրությունը շեղել:

«Թուրքիան բզում, բզկտում է, դրանք էլ խաղեր են տալիս, ուզում են 100-ամյակի հետ կապված ուշադրությունն այլ ուղղությամբ շեղել»,-ասաց Մանվել Գրիգորյանը:

Մեծամասշտաբ պատերազմի հնարավորության մասին կանխատեսումներ ԵԿՄ նախագահը չի անում, պատերազմը, նրա խոսքով, երբեք էլ չի ավարտվել.  «Մենք դեռ պատերազմից դուրս չենք եկել, դրա համար եմ ասում՝ մեր զինվորը 24 ժամ 1989թ-ից սահմանին է, զենքը ձեռքին կանգնած, պրոստը մենք ենք մեկ-մեկ մոռանում, որ տասնյակ հազարավոր երիտասարդների տարել ենք, կանգնեցրել ենք սահմանին՝ սարերի, բլուրների, թմբերի, անտառների վրա, մոռանում ենք նրանց այնտեղ, շուռ ենք գալիս, ուրիշ բաներով ենք զբաղվում: Բայց մենք բոլորս պետք է լինենք առաջին գծում կանգնածի կողքին, եթե մենք իրենց կողքին չլինենք,  իհարկե, թուրքը կաշխուժանա: Չհայտարարված պատերազմն սկսվել է եւ չի վերջացել»։