Մենք բաց ենք եւ պատրաստակամ խորացնելու փոխշահավետ համագործակցությունը Բուխարեստի հետ: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, Հայոց ցեղասպանության 100-ամյակի Պետական հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով Երեւան այցելած Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի եւ Ռումինիայում Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ տարոն Մարգարյանը:
Առանձնակի կարեւորելով դեռեւս 2013թ.-ին Երեւանի եւ Բուխարեստի միջեւ ստորագրված մտադրությունների հուշագիրը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նշել է, որ այսօր համագործակցության լայն հնարավորություններ եւ հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում արդյունավետ փոխգործակցություն ծավալելու համար:
«Մենք բաց ենք եւ պատրաստակամ խորացնելու փոխշահավետ համագործակցությունը Բուխարեստի հետ: Ըստ այդմ, հայ–ռումինական հարաբերությունների զարգացման համատեքստում մենք կարեւորում ենք Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի, ինչպես նաեւ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի դերը: Համոզված եմ, որ նաեւ Ձեր աջակցության շնորհիվ երկուստեք գործակցությունն իսկապես կլինի արդյունավետ ու հաջողված քաղաքային տնտեսությանն առնչվող ամենատարբեր ոլորտներում», - նշել է Տարոն Մարգարյանը՝ առանձնակի շնորհակալություն հայտնելով նաեւ Ռումինիայում Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանին հայանպաստ գործունեության համար:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության համար՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու եւ օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին եւ ծրագրերին:
«Վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ կանեմ հնարավորը երկու երկրների մայրաքաղաքների միջեւ բազմոլորտ համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար: Ռումինիայի հայ համայնքն իսկապես ծանրակշիռ դերակատարում ունի եւ նույնպես շահագրգիռ է երկու երկրների քաղաքների սերտ համագործակցության հարցում»,- ընդգծել է Համլետ Գասպարյանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաեւ իր ջերմ ողջույններն է փոխանցել գործընկերոջը՝ Բուխարեստի քաղաքապետ Սորին Միրչեա Օպրեսկուին:



























