Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կոչ է արել «Իսլամական պետության» դեմ միջազգային ռազմական լայնածավալ գործողություն սկսել:

Ըստ նրա՝ միջազգային հանրությունը պետք է օպերատիվ արձագանքի սպառնալիքին, որը բխում է այդ ահաբեկչական կազմակերպությունից:

Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հանդիպմանը ելույթ ունենալիս Զեմանը ընդգծել է, որ գործողությունը պետք է անցկացվի  ՄԱԿ-ի հովանու ներքո:

«Անհրաժեշտ է ՄԱԿ-ի ԱԽ բոլոր անդամ պետությունների ստորաբաժանումների մասնակցությունը»,- Զեմանի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:

Նախագահը ԻՊ-ից բխող սպառնալիքը համեմատել է մարդկության համար վտանգ ներկայացնող Երրորդ Ռեյխի հետ: Զեմանը հայտարարել է, որ ԻՊ-ը ձգտում է գրավել Եվրոպայի տարածքի կեսը, իսկ «նման ծրագրեր ուներ նաեւ Ադոլֆ Հիտլերը, եւ դրանք գրեթե իրականացել են»:

«Իսլամական ծայրահեղականները կարող են ողբերգության հեղինակ դառնալ, որի հետեւանքով կզոհվեն միլիոնավոր քաղաքացիներ», - կարծում է նախագահը: Նա հավելել է, որ այդ դեպքում մարդկությանը սպառնում է «սուպերհոլոքոստ»:

Զեմանը դատապարտել է միջազգային հանրության անվճռականությունը, որը, ըստ նրա, զերծ է մնում ԻՊ-ի դեմ ուժ կիրառելուց: Նա նշել է, որ ծայրահեղականների ճամբարներում գրոհայիններ են պատրաստվում ողջ աշխարհում զանգվածային ահաբեկչություններ իրականացնելու համար:

Ըստ Չեխիայի նախագահի՝ ԻՊ-ի դեմ գործողությունը կարող է իրականացվել ժամանակակից ռազմական տեխնիկայի օգտագործմամբ, այնպիսիք, ինչպիսիք են անօդաչու օդանավերը եւ ռոբոտացված այլ մեքենաներ, որոնք չեն պահանջում մարդու անմիջական մասնակցությունը ռազմական գործողություններում: