Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում 5 զինված անձինք ներխուժել են Corinthia հյուրանոց եւ սպանել երեք պահակներին ու պատանդներ վերցրել, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով հյուրանոցի աշխատակցին։ Պատանդների թիվը դեռեւս չի ճշգրտվել։ Բացի այդ, հյուրանոցի ավտոկանատեղիում մեքենա է պայթեցվել։

Reuters, վկայակոչելով անվտանգության քաղաքային ծառայության ներկայացուցչին, հայտնում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները շրջապատել են հյուրանոցը։ Հարձակման պահին հյուրանոցում գտնվել են իտալացիներ, թուրքեր, ինչպես նաեւ բրիտանացիներ, հայտնում է Lenta-ն։

BBC News-ի տվյալներով՝ «Իսլամական պետութան» հետ կապված թվիթերյան էջում հաղորդագրություն է հայտնվել, որ ԻՊ-ն իր վրա է վերցրել հարձակման պատասխանատվությունը։

Լիբիայի արեւելյան հատվածն այժմ գտնվում է տարատեսակ իսլամիստական խմբավորումների վերահսկողության տակ, ովքեր միմյանց դեմ պայքարում են իշխանության համար։ Նրանցից ոմանք հավատարմության երդում են տվել ԻՊ-ին։