Ամերիկյան The Heritage Foundation հետազոտական կենտրոնի կողմից հրապարակված «Տնտեսական ազատության ինդեքս 2015» վարկանշում ընդգրկված աշխարհի 178 երկրի շարքում Հայաստանը զբաղեցրել է 52-րդ տեղը։

Ընդ որում, Հայաստանը նախկինի պես ընդգրկվել է «չափավոր ազատ տնտեսությամբ» երկրների խմբում, թեեւ անցած տարվա վարկանշում զբաղեցրել էր 41-րդ տեղը։

Ըստ հետազոտության՝ Հայաստանի տնտեսության ազատության մակարդակը գնահատվում է 67,1 բալ (նախորդ տարվա համեմատությամբ 1,8 կետով նվազել է)։ Վարկանշում զգալի թուլացում է նկատվում սեփականության իրավունքի, աշխատանքի եւ դրամական ազատությունների ոլորտում։

Ընդ որում, Հայաստանը Եվրոպայի 43 երկրների շարքում 23-րդ տեղն է զբաղեցնում եւ երկրի արդյունքները, ամբողջ աշխարհի միջին ցուցանիշի համեմատությամբ, հարաբերականորեն լավ են բոլոր չափանիշներով։ Սակայն, համաձայն զեկույցի, երկրում տնտեսական ազատությունը 5 տարվա ընթացքում վայրընթաց է ապրել։ Վարկանշի նվազեցում է արձանագրվել 10 տնտեսական ազատություններից 6-ում, հատկապես ՝ աշխատանքի, կոռուպցիայից ազատության եւ դրամավարկային ազատության ոլորտում։

Տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է, որը զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը: Ադրբեջանը 85-րդ տեղում է, Իրանը՝ 171-րդ, Թուրքիան՝ 70-րդ հորիզոնականում։ Ռուսաստանը հայտնվել է 143-րդ տեղում։

Վարկանշում առաջատարը Հոնկոնգն է, իսկ հետնապահը՝ Հյուսիսային Կորեան։

Heritage Foundation-ի ամենամյա վարկանիշը աշխարհի տարբեր երկրների տնտեսական ազատությունը գնահատում է 10 ցուցանիշներով, այդ թվում՝ բիզնեսի, առեւտրի, հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության, ներդրումների, աշխատաշուկայի ազատություններով, ինչպես նաեւ կոռուպցիայի մակարդակով։