Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում պիտի համբերատար լինի եւ սպասի իր ժամանակին: Այս մասին հայտարարել է վրացի միլիարդատեր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ վրացական «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է համբերատար լինենք եւ սպասենք մեր ժամանակին, բայց մինչ այդ մենք չպետք է անգործ նստենք, այլ պիտի կառուցենք տնտեսությունը, ժողովրդավարական ինստիտուտները եւ ժողովրդավարական արժեքները, եւ այդ ժամանակ մենք արդյունք կստանանք: Մենք իրական հնարավորություն չունենք կայուն պահպանել դիրքերը, եւ մենք պետք է համբերենք, նույնիսկ եթե գործողությունները վիրավորական են, քանի որ մենք այլ ռեսուրս չունենք բացի հայտարարություններից եւ սրա հետ պետք է հաշվի նստել»,-ասել է Իվանիշվիլին:
Նա պատասխանել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հարցին՝ հայտարարելով, որ չի բացառում նման հնարավորությունը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում պահանջում է ոչ խորհրդարանական ընդդիմությունը, նման հնարավորությունը չի բացառում նաեւ խորհրդարանական մեծամասնությունը:
«Ես դեռեւս չեմ տեսնում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն, բայց մեզ ոչինչ չպիտի զարմացնի: Եթե գործընթացները այնպես զարգանան, որ նման անհրաժեշտություն ծագի, դրանում ոչ մի աղետալի բան չկա»,-հայտարարել է Իվանիշվիլին:
«Նովոստի Գռուզիայի» փոխանցմամբ քաղաքականությունից հեռացած Իվանիշվիլին, ով ներկայումս գլխավորում է «Մոկալակե» (քաղաքացի) հասարակական կազմակերպությունը, հայտարարել է, որ նախատեսում է պարբերաբար վավերագրական ֆիլմեր նկարահանել կոռուպցիայի մասին, որտեղ խոսվելու է Վրաստանի գործող կառավարության մասին:




























