Հայաստանի ՊՆ N զորամասում 2013թ. դեկտեմբերի 10-ին ինքնասպան եղած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Հովակիմյանի գործով վերաքննիչ բողոքի քննությանը հունվարի 29-ին, ամբաստանյալների փաստաբաններն իրենց դիրքորոշումը հայտնեցին դատախազի առարկությունների վերաբերյալ:
NEWS.am-ի հետ զրույցում ամբաստանյալներ, պայմանական պատիժ կրող՝ վաշտի հերթապահ Նարեկ Միտոյանի եւ 3 տարվա ազատազրկման դատապարտված Արման Մուրադյանի փաստաբանները հայտնեցին, որ այսօրվա նիստին կողմերն իրենց դիրքորոշումն են հայտնել:
«Հույս ունենք, որ փետրվարի 13-ին նշանակված նիստում դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, քանի որ գործի քննությունը մոտեցել է ավարտին»,- ասաց Արմանի փաստաբան Աշոտ Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանը գործով մեղադրվող 20-ամյա Շմավոն Կուրեխյանին դատապարտել է 7 տարվա, 21-ամյա Պարույր Մկրտչյանին՝ 5 տարի 6 ամիս, 29-ամյա Արման Մուրադյանին՝ 3 տարվա ազատազրկման։ 20-ամյա Նարեկ Միտոյանին դատարանը նշանակել է պայմանական պատիժ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրենց այլեւս չեն տեսնի։ Դեկտեմբերի 12-ին գտել են նրա թողած գրությունը. Վանիչկան գրել էր, որ ինքնասպանություն է գործում հեռախոսի պատճառով, որն ինչ-որ մեկը գողացել է ու գցել իր ուսապարկը։





























