Հայտնի է անցած տարվա դեկտեմբերին ծեծի ենթարկված՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ ի լրումն փորձագետի թիվ 2158/հ եզրակացության։
ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ փորձագետների՝ Ա.Մանուկյանի ստացած մարմնական վնասվածքները` գլխուղեղի ցնցման, վերին շրթունքի, աջ ակնակապճի վերին եւ ստորին կոպերի փափուկ հյուսվածքների սալջարդերի եւ արյունազեղումների ձեւերով, պատճառվել են բութ առարկայի/ների/ ներգործության հետեւանքով, հնարավոր է նշված ժամանակին եւ հանգամանքներում, որոնք առողջությանը պատճառել են թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը քրեական գործի շրջանակներում ճանաչվել է որպես տուժող եւ հարցաքննվել։
Քննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, եւ նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանությունը դեկտեմբերի 14-ին վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել ՀՀ քաղաքացի Արշակ Սվազյանին:
Նույն օրը վերջինս խոստովանական ցուցմունքներ է տվել, որ 2014թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, նախապես մուտք է գործել Երեւան քաղաքի Սոսեի փողոցի 2/2 շենքի շքամուտք եւ սպասել շենք մուտք գործող Արամ Մանուկյանին, որից հետո շքամուտքի վերելակի դռների դիմաց մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա դեմքին եւ դիմել փախուստի: Դեպքի ժամանակ հագին եղել են մուգ կտորից բաճկոն եւ տաբատ, կրել է բրդե գործվածքով պատրաստված մուգ մոխրագույն գլխարկ:
Նույն օրը կատարված քննչական փորձարարության ժամանակ Ա.Սվազյանը մատնացույց է արել դեպքի վայրը, հայտնաբերվել եւ առգրավվել են դեպքի օրը կասկածյալի հագին եղած հագուստները:
2014 թվականի դեկտեմբերի 19-ին Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել:
Հարցաքննվել են նաեւ վկաներ, դեպքի վայրի զննության ժամանակ առգրավվել է Երեւան քաղաքի Սոսեի փողոցի 2/2 շենքի շքամուտքը նկարահանող տեսախցիկի՝ դեպքի ժամանակահատվածի տեսագրությունը, որով նշանակվել է դատատեսաձայնագրային փորձաքննություն:
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ Ա.Սվազյանի բնակության վայրում եւ բնակարանի օժանդակ շինություններում կատարվել է խուզարկություն, որի ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել են բջջային հեռախոսներ, որոնք ենթարկվել են զննության:
Առգրավված բջջային հեռախոսների մեջ շահագործվող բջջային հեռախոսահամարների վերծանումներն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որը բավարարվել է եւ կատարման համար ուղարկվել համապատասխան բջջային օպերատորներին:
Ա.Սվազյանի անվամբ հաշվառված բջջային հեռախոսահամարների առկայությունը եւ դեպքի ժամանակահատվածում դրանց վերծանումներն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որը բավարարվել է եւ կատարման համար ուղարկվել բջջային օպերատորներին:
Դեպքից հետո Ա.Սվազյանի փախուստի ճանապարհի վրա տեսանկարահանող սարքերի առկայությունը պարզելու ուղղությամբ կատարվել է զննություն, որի ընթացքում պարզվել է, որ Երեւան քաղաքի Սոսեի փողոցում գտնվող երկու տների վրա տեղադրված են տեսանկարահանող սարքեր, որոնց զննությամբ հիմնավորվել է, որ դրանք նկարահանում են միայն տների բակը եւ շքամուտքը:
Հիշեցնենք, որ 2014թ.-ի դեկտեմբերի 11-ի երեկոյան Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր տան մոտ հարձակման էր ենթարկվել:




























