Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության մեջ արտահայտած դիրքորոշումը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները համատեղ հայտարարությամբ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովին տեղեկացրել են «շփման գծի երկայնքով եւ հայաստանա-ադրբեջանական սահմանի վրա հարձակումների առնչությամբ  իրենց խիստ մտահոգությունը»: Վերջիններս Ադրբեջանին նաեւ կոչ են արել  «հարգել հակամարտության խաղաղ կարգավորման լուծման նպատակով ստանձնած սեփական պարտավորությունները »:

«Մենք անվերապահորեն սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի այս հայտարարությամբ արտահայտված դիրքորոշումը» հայտարարեց Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը:

Աննախադեպ փաստ է, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը դիվանագիտական բառապաշարով նշում է միջադեպերի բազմապատկման գործում Ադրբեջանի առաջնահերթ պատասխանատվության մասին:

«Մենք ողջունում ենք համանախագահների կողմից ընտրված եզրույթները, քանի որ դրանցով ճանաչվում է Հայաստանի զուսպ պահվածքը,  ինչպես նաեւ ենթադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես բանակցությունների կողմ հանդիսանալու հանգամանքը»,-վերլուծեց Ֆրանսուա Ռոշբլուանը:

Բարեկամության շրջանակի նախագահը հիշեցրեց, որ պատրանք է կարծել, թե առանց այդ ղարաբաղյան կողմին հաշվի առնելու կարելի է հասնել խաղաղության համաձայնության:

Իրենց հայտարարության մեջ համանախագահները նաեւ անուղղակիորեն պահանջում են առաջին գծի բոլոր դիրքերից դիպուկահարների հեռացումը` ընդգծելով «ճակատային գծի երկայնքով անկանխատեսելի միջադեպերից խուսափելուն ուղղված միջոցառումների կարեւորությունը». ինչը վաղուց ստացել է ղարաբաղյան եւ հայաստանյան կողմերի համաձայնությունը, բայց մերժվել է ադրբեջանական կողմից:

«Իրավացի են միջնորդները, երբ իրերն իրենց անունով են կոչում եւ մատնացույց անում Ադրբեջանի պատասխանատվությունը շփման գծում անկայունություն մտցնելու նպատակ հետապնդող ռազմական սադրանքներում »,- հաստատեց Ֆրանսուա Ռոշըբլուանը:

«Հարձակվողի եւ պաշտպանվողի միջեւ տարբերություն չդնելը չի նպաստում խաղաղությանը: Տարածաշրջանում խաղաղություն եւ անվտանգություն հաստատելու նպատակով նախընտրելի է իրականությունը արտացոլող օբյեկտիվությունը, քան կեղծ անկողմնակալությունը, որով նույն հարթության վրա են դրվում ղարաբաղյան ժողովրդավարությունը եւ Ադրբեջանի բռնատիրությունը »,- եզրափակեց նա:

Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը ստեղծվել է 2013 թ-ի մարտի 19-ին: Այն այսօր համախմբում է ֆրանսիայի ամենամեծ քաղաքական կուսակցությունները ներկայացնող մոտ 40 քաղաքական գործիչների (պատգամավորներ, սենատորներ, քաղաքապետեր եւ այլն):

Շրջանակը նպատակ ունի աջակցել ԵԱՀԿ Մինսկի Խմբի գործունեությանը, տարածաշրջանի ժողովուրդների անվտանգությանը, խզել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միջազգային մեկուսացումը եւ նպաստել Հարավային Կովկասի ժողովուրդների միջեւ երկխոսությանն եւ փոխանակումներին: