Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը՝ Ցեղասպանության հարցով պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին, թակարդ է, քանի որ հարցականի տակ  է դնում Հայոց ցեղասպանության պատմական փաստը: Այս մասին հունվարի 30-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքիան, ըստ նրա, այս գիծը շարունակում է արդեն 10 տարի: Թուրքական կողմի այս նախաձեռնությունը, ըստ Սաֆրաստյանի, ուղղված է առաջին հերթին նրան, որ մոլորեցնի միջազգային հանրությանը՝ ցույց տալու համար, որ Թուրքիան  պատրաստ է ուսումնասիրել եւ քննարկել 1915թ. դեպքերը:

«Սա վտանգավոր է, քանի որ ժամանակակից աշխարհի տեսլականը հետեւյալն է. եթե կողմերը պատմական դեպքերի առթիվ չունեն համաձայնություն, ապա պետք է դրան հասնել», - ասել է թուրքագետը: ՀՀ իշխանությունները եւ հայ պատմաբանները, նկատել է նա, հաջողությամբ խուսափեցին  նշված առաջարկն ընդունելուց: «Ինչո՞ւ: Որովհետեւ 1915թ. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է: Եվ պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը պարզապես պատմության խեղաթյուրում է», - ընդգծել է Ռուբեն Սաֆրաստյանը: