Հայկական կողմի համար Ռուսաստանի հետ դաշինքը զգալի չափով պարտադրված ամուսնություն է, որին Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտությունում ռազմական պարիտետը պահելու նպատակներով։ Քարնեգիի Մոսկվայի կենտրոնի կայքում հրապարակված հոդվածում նման կարծիք է հայտնել վերլուծաբան Թոմաս դե Վաալը՝ ներկայացնելով Գյումրիի ողբերգության շուրջ ծավալված իրադարձություններն եւ դրանց հետեւանքները։
Նրա խոսքով՝ այսօր քաղաքական վերնախավից եւ ոչ ոք կասկածի տակ չի դնում այդ փաստը. «Ներկայիս նախագահի եւ նրա նախորդների հետ կապ ունեցող երեք քաղաքական կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը՝ բոլորը հավատարմության երդում են տալիս Մոսկվային։ Հարաբերությունները խորացել են անցած տարի՝ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ։ Հայտնի հայ-ամերիկյան վերլուծաբանը հոկտեմբերին գրել է, որ Ռուսաստանի հետ մտերիմ հարաբերությունները հիմնված են «գոյաբանական ռազմավարական եւ տնտեսական իրողությունների վրա» եւ անիմաստ է քննադատել Հայաստանին Եվրասիական միությանը անդամակցելու համար», - նշել է նա։
Վերլուծաբանի կարիծիքով, Գյումրիի ողբերգության առիթով բողոքի ցույցերը ցույց են տալիս, որ հայ հասարակությունը կարծիքների առավել լայն սպեկտր ունի, քան նրա քաղաքական առաջնորդները։ «Գյումրիի դաժան սպանդի քաղաքական հետեւանքները չեն հանգեցնի Ռուսաստանից ռազմավարական հեռացման, սակայն դրանք էլ ավելի կնվազեցնեն նախագահ Սարգսյանին եւ նրա կառավարությանը ցուցաբերվող հասարակական աջակցությունը», – գրել է Թոմաս դե Վաալը։





























