ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունուն, եւ նրա հետ քննարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ընդունած համահայկական Հռչակագրի դրույթներն ու դրանց պատմական նշանակությանը: Կարեւորվեց հատկապես այն փաստ, որ Հռչակագիրը Ծիծեռնաբերդի հուշակոթողի մոտ ընթերցեց անձամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որով ավելի շեշտվեց փաստաթղթի համազգային արժեքը:
Ամենապատիվ տերն իր գոհունակությունը հայտնեց Սփյուռքի նախարարության հայապահպան գործունեության համար առհասարակ եւ մասնավորապես շեշտեց Սփյուռքում հայ ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի եւ միջոցառումների կարեւորությունը: Հոգեւոր տերն ասաց. «Դուք միշտ արթուն եք, սփյուռքի կարիքները հոգալու համար»: Կաթողիկոս պատրիարքը կարեւորեց հատկապես Սփյուռքում կրթօջախների գոյությունն ու գործունեությունը, նշեց, որ առանց հայոց լեզվի եւ դպրոցի անհնար է պահպանել հայկականությունը օտար միջավայրում:
Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց պատվարժան հյուրին այցելության եւ սերտ համագործակցության համար, բարձր գնահատեց Հայոց Կաթողիկե Եկեղեցու արդյունավետ գործունեությունը հայ մշակույթի պահպանման ու զարգացման գործում, նշեց, որ կաթոլիկ հոգեւորականներն ամենուրեք իրենց խոսքով ու գործով հայկական շունչ ու ոգի են փոխանցում սփյուռքահայերին: Նախարարը նշեց, որ պատրիարքարանը կարող է օժանդակել՝ ընդլայնելու նախարարության հայրենաճանաչությանը, մայրենիի ու ազգային ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերին` սփյուռքահայ երիտասարդների առավել ակտիվ մասնակցությունն ընդլայնելու գործում:
Կողմերն անդրադարձան 2015թ. Զմմառի վանքում կայանալիք գիտաժողովին, որտեղ ներկայացվելու են հետազոտություններ Վատիկանում, Միջին Արեւելքի երկրների, Ամերիկյան երկրների արխիվներում պահպանված եւ Հայոց ցեղասպանությանն առնչվող նյութերի վերաբերյալ: Քննարկվեցին գիտաժողովի կազմակերպման հետ կապված հարցեր:
Անդրադարձ եղավ նաեւ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագ մատուցելուն առնչվող հարցերի:





























