Թուրքիայում Չանաքալեի ճակատամարտի 100-ամյակի հետ կապված սկանդալները շարունակվում են: Որոշում է կայացվել, որ մարտի 18-ին, ապրիլի 24-ին եւ 25-ին քաղաքացիների մուտքն արգելվելու է Չանաքալեի ճակատամարտին նվիրված հուշահամալիր:

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Չանաքալեի նահանգապետարանը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, թե տարեցտարի ավելացող այցելուների հոսքի պատճառով ստիպված են Չանաքալեի ճակատամարտին նվիրված հուշահամալիրի տարածքը մարտի 18-ին, ապրիլի 24 եւ 25-ին փակել քաղաքացիների համար: Հայտարարության մեջ նշվել է, թե այդ օրերին Չանաքալե են այցելելու օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պատվիրակություններ:

Այս որոշումը մեծ արձագանք է գտել եւ բողոքի ալիք առաջացրել Թուրքիայում: Սոցկայքերում հարցադրումներ են անում, թե ժողովրդական հաղթանակի տոնը ինչպես կարելի է առանց ժողովրդի նշել: